Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր, «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, որը ժամանել է Հայաստան իր մրցանակը ստանալու համար՝ մամուլի ասուլիսով հանդես եկավ Viva ընկերությունում։
Ասուլիսի մյուս բանախոսներն էին Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հյուսիսային Ասիայի McKinsey & Company-ի պատվավոր նախագահ Անդրե Անդոնյանը։
«Երբ աշխարհի ՏՏ ոլորտի լեգենդները գալիս են Հայաստան, ստեղծվում է առանձնահատուկ էներգիա։ Սա պարզապես արարողություն չէ․ սա հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր փոխում են տեխնոլոգիական պատմությունը և ոգեշնչում հավատալ սեփական ուժերին։
Երիտասարդների, ստարտափների և ոլորտի ներկայացուցիչների համար սա հզոր ազդակ է․ հաջողությունը հնարավոր է, նույնիսկ եթե նոր ճանապարհով ոչ ոք դեռևս չի անցել։ Այդպիսի այցելությունները միավորում են սերունդներին ու գաղափարները՝ ցույց տալով, որ Հայաստանը դառնում է գլոբալ նորարարական աշխարհի ակտիվ մասնակիցը։ Մենք hպարտ ենք, որ արդեն 16 տարի աջակցում ենք նախաձեռնությանը, որը ոգեշնչում է, միավորում և տարածում գիտելիք։ Եվ մեզ համար մեծ պատիվ է լինել այս ճանապարհի մաս», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
16 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է՝ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, իսկ նախաձեռնողն ու աջակիցը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:
«Մեծ պատիվ և պատասխանատվություն է այս ճանաչմանն արժանանալը աշխարհի առաջամարտիկներին և համայնքներին միավորող երկու արժեքների՝ նորարարության ու գործած ազդեցության համար», - ասել է «ADI»-ի գործադիր տնօրեն և նախագահ Վինսենթ Ռոշը։ - ««ADI»-ում մենք ներդրումներ ենք կատարում մարդկանց և գաղափարների համար, որոնք առաջ են մղում տեխնոլոգիաները՝ ի շահ հասարակության և մոլորակի, որպեսզի միասին կարողանանք շարունակել դրական ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում ու գալիք սերունդների համար։ Ապագայում էլ մենք հանձնառու ենք հզորացնել հաջորդ սերնդին և խրախուսել երիտասարդ տաղանդներին, ովքեր կստեղծեն լուծումներ, որոնց մասին ներկայումս պատկերացում անգամ չունենք»։
Ռոշը մրցանակը կստանա հոկտեմբերի 15-ին։ Այցելության շրջանակում դափնեկիրը կայցելի Ինժեներական քաղաք, որտեղ կմասնակցի լեգենդների փառքի արահետի բացմանը: Ինչպես միշտ՝ դափնեկիրը կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում։ Այցի օրակարգը նաև ընդգրկում է հանդիպում Հայաստանի վեց բուհերի ուսանողների հետ, ինչպես նաև այց Սինոփսիս Արմենիայի R&D կենտրոն և Ուսումնական դեպարտամենտ։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: