Էրգոթերապիան աշխատանքային հնարավորությունների կամուրջ՝ աուտիզմ ունեցողների համար
Աուտիզմ ունեցողների շրջանում խելացի զբաղվածություն ապահովելը կարևոր է նրանց հետագա ինքնաբավության համար: Էրգոթերապիան այդ ամենն ստեղծող կամուրջն է: Այն նաև ինտեգրման բաղադրիչ ունի: Էրգոթերապիայի ինտենսիվ կիրառումը նպաստավոր է մի քանի ուղղություններով արդյունքի հասնելու համար:
Viva-ն շարունակում է աջակցել «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին՝ գործակցության ընթացքում նպատակների նոր շեմ սահմանելով: Կենտրոնում կարևոր տեղ է հատկացվում խելացի զբաղվածության ապահովմանը:
Ամբողջ ամռան ընթացքում «Իմ ուղին» կենտրոնում էրգոթերապիային մեծ տեղ է հատկացվել: Այժմ էլ ընթացքում է հերթական ծրագիրը՝ կանաչիների և մրգերի չորացման ուղղությամբ: Այն պլանավորելիս մասնագետները դրսևորում են համապարփակ մոտեցում. հաշվի են առնում երեխայի ֆիզիկական, սոցիալական, էմոցիոնալ, զգայական և ճանաչողական կարողությունները և նրա կարիքները։ Էրգոթերապիստների ուղղորդման շնորհիվ ծրագրի յուրաքանչյուր մասնակից արտադրական շղթայի մաս է կազմում, հստակ պատկերացնում է իր անելիքն ու կատարում անհրաժեշտ քայլերը: Առավելագույն արդյունքի հասնելու համար փոքրիկ խմբեր են կազմվում: Դա թույլ է տալիս զարգացնել շահառուների աշխատասիրությունը, պատասխանատվության զգացումը, սոցիալական հմտությունները, նպաստել էմոցիոնալ կարգավորմանը, կոգնիտիվ հմտությունների բարելավմանը, իսկ հետագայում արդեն աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը:
Կանաչիների լվացման փուլից մինչև չորանոցային մշակում և փաթեթավորում իրականացնում են «Իմ ուղին» կենտրոնի սաները: Մասնագետներն աջակցում են քայլերի հաջորդականության և ուղղորդման հարցերում: Աշխատանքի վերջնարդյունքն իրացնելուց հետո ստեղծված միջոցներն օգտագործվելու են խելացի զբաղվածության ապահովման համար:
«Երկարաժամկետ ծրագրերը պահանջում են համբերություն և համակարգված մոտեցում: Արդյունքի հասնելու ճանապարհը հեշտերից չէ, բայց եթե կա նվիրում, պրոֆեսիոնալիզմ և աշխատանքի ճիշտ պլանավորում՝ հաջողությունն անխուսափելի է: Տարիների մեր համագործակցությունը դրա վկայությունն է: Մեզ ոգևորում է մասնագետների նպատակասլացությունն ու հետևողականությունը: Եթե նրանք չհավատան իրենց ուժերին և բավարար քայլեր չկատարեն թեկուզ ամենաչնչին դրական փոփոխություն ստանալու համար՝ կողմնակի ցանկացած միջամտություն անիմաստ կլիներ: Ուրախ եմ արձանագրել, որ հենց հաջողված համագործակցության շնորհիվ, մեզ հաջողվում է արդյունքի հասնել և մեր առջև նոր նպատակներ դնել»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին՝ իր առջև դրած ծրագրերն իրականացնելու և ցանկալի արդյունք ապահովելու համար: Ընկերությունը 20 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 256 մլն դրամ: Մասնագետները բարձր են գնահատում շարունակական աջակցությունը: Դա թույլ է տալիս հնարավորինս հետևողական ջանքեր գործադրել՝ վերականգնողական բոլոր թերապիաների իրականացման ուղղությամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: