2025 թ․ հուլիսի 28-ին imID և Viva
ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Viva-ի կողմից մշակված և ներդրված
Mobile ID համակարգը՝ այժմ ամբողջությամբ փոխանցվել է imID-ին։ Այս
ձեռքբերումը տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողության
ընթացքում, որին մասնակցել են ընկերությունների ղեկավարները՝ Կարեն Մկոյանը (imID)
և Արմեն Ավետիսյանը (Viva)։
Mobile ID-ի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանի
թվային ինքնության առանցքային տեխնոլոգիան այժմ կառավարելու է միակենտրոն,
համախմբող և ռազմավարական նշանակության հարթակ՝ imID։ Այս
փոփոխությունը թույլ է տալիս համախմբել բոլոր երեք հեռահաղորդակցային
օպերատորներին և տասը առաջատար բանկերին՝ մեկ ազգային ենթակառուցվածքի ներքո։
«Viva-ն իր տեխնոլոգիական փորձը և երկարամյա
փորձառությունը փոխանցում է imID-ին՝ հավատալով, որ նոր կառուցվածքի ներքո Mobile
ID-ն կզարգանա առավել լայն թափով և կունենա համապետական նշանակություն։ Սա կարևոր
քայլ է Հայաստանի թվայնացման ուղղությամբ», – նշել է Արմեն Ավետիսյանը։
imID-ը, որը հիմնադրվել է 2024 թվականին՝ բանկերի և
հեռահաղորդակցական ընկերությունների կողմից, գործում է որպես վստահության
ծառայություններ մատուցող (Trust Service Provider) ՝ նպատակ ունենալով ստեղծել
ժամանակակից թվային ինքնության էկոհամակարգ։ Mobile ID-ի ձեռքբերումը նաև հիմք է
ստեղծում ծառայությունների արդիականացման և նորարարական լուծումների ներդրման
համար՝ հասանելի դարձնելով ապահով թվային նույնականացում և էլեկտրոնային
ստորագրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
«Մենք պատրաստում ենք ծառայությունների լայնածավալ
փաթեթ, որը կբերի ոչ միայն տեխնոլոգիական արդիականացում, այլ նաև զգալի
առաջընթաց թվային հասարակության կառուցման ճանապարհին։ Viva-ից
ձեռք բերված Mobile ID լուծումը,որին արդեն ինտեգրված են Յուքոմ եւ Թիմ Տելեկոմ
Արմենիա հեղահաղորդակցութան ընկերությունները, համատեղ ուժերով կվերափոխվի՝
դառնալով մատչելի, արագ և անվտանգ ինքնության հաստատման գործիք յուրաքանչյուրի
համար՝ պետական, մասնավոր և անհատական մակարդակներում», – նշել է Կարեն Մկոյանը։
Այս ձեռքբերումը նոր ազդակ է տալիս Հայաստանի
թվային փոխակերպման գործընթացին՝ մոտեցնելով այն միջազգային չափանիշներին և
նպաստելով Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային թվային էկոհամակարգերին։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: